Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
Վազգենը ֆուտբոլ սիրում էր ճիշտ այնքան, որքան՝ գրականությունը: Լավ էր խաղում: Շատ անգամներ եմ նրան տեսել մարզադաշտում, բայց մի խաղի մասին ուզում եմ պատմել:
Հավանաբար 1997 թվականն էր: Ասացին, որ «Հրազդան» մարզադաշտում ընկերական խաղ է նախաձեռնվել: Պիտի մրցեին Պաշտպանության նախարարության և Հայաստանում Իրանի դեսպանատան թիմերը: Նախարարն անձամբ էր կազմել մեր թիմի խաղացողների ցանկը, և բոլորը ներկայացան հրաշալի մարզավիճակում:
Խաղը սկսվեց: Սկզբում ամեն բան մարզական էր ու հաճելի: Հետո իրավիճակը հետզհետե փոխվեց, երբ Վազգենին համակեց մրցակցության ու ամեն գնով գերազանցելու մոլեգին ցանկությունը: Խաղը դարձավ մեկի պայքարն ընդդեմ բոլորի: Բավական էր մի անզգույշ փոխանցում, թեք հարված, և Վազգենը մոլեգնում էր, խաղացողին հեռացնում էր դաշտից ու փոխարինում էր մեկ ուրիշով: Բայց սա լարվածության ընդամենը մի մասն էր: Մյուս հատվածը «դիվանագիտականն» էր:
Բանն այն է, որ շատ շուտով հաշիվը դարձավ 10-0՝ հօգուտ մեր թիմի: Իրանցիները տխուր էին, եթե «տխուր» բառը կարող է բավարար համարվել նրանց իրական տրամադրությունը բնորոշելու համար: Բանը հասավ նրան, որ մի քանիսը մոտեցան Վազգենին ու նրա ականջին բաներ շշնջացին: Բովանդակությունը բոլորի համար պարզ էր. չէր կարելի բարեկամ երկրի դիվանագետներին հաղթել խայտառակ հաշվով: Բայց Վազգենը լսել անգամ չէր ուզում այդ մասին…
Մնում էր միակ ելքը՝ անհնազանդություն նախարարին: Ու հենց այդպես էլ եղավ: Մեր թիմի տղաները արեցին հնարավոր ամեն բան, որ մրցակիցը գոնե մեկ անգամ գրավի մեր դարպասը: Խաղը հենց այդ հաշվով էլ ավարտվեց՝ 10-1:
Հովիկ Չարխչյան